ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր է քննարկել Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը սեպտեմբերի 20-ին հայտնել էր, որ Տոյվո Կլաարը կայցելի տարածաշրջան։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերի զարգացումների հետևանքով ստեղծված տարածաշրջանային անվտանգային իրավիճակին և հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրադրությանն առնչվող հարցեր»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին հայտարարեց, որ իրադրությունը Հայաստան–Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է լարված մնալ, Ադրբեջանը շարունակում է զորքերի տեղաշարժերը Հայաստանի հետ պետական սահմանի և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի երկայնքով։
Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։