ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի–Sputnik. ԱՊՀ երկրներում նախատեսվում է հակահրթիռային պաշտպանության համակարգեր տեղակայել, հայտարարել է ՌԴ օդատիեզերական ուժերի սպառազինության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Տուլայում ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի 57-րդ նիստի արդյունքներով գեներալը նշել է, որ չի դադարում ՀՕՊ տարածաշրջանային համակարգերի կազմում ուժերի և միջոցների ինտեգրումը, որոնք ունակ են լուծել օդատիեզերական պաշտպանության խնդիրներ:
Ընթացքի մեջ են նաև ԱՊՀ անդամ երկրների ՀՕՊ զորքերը հեռանկարային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով զինելու ծրագրերի մշակումն ու իրականացումը։
Նրա խոսքով` այս միջոցառումները նպատակ ունեն ավարտին հասցնել միջպետական համաձայնագրերի գործնական իրականացումը հավաքական անվտանգության տարածաշրջաններում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգերի ստեղծման և ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակներում համագործակցության միջազգային իրավական դաշտի վերաբերյալ:
Այսօր ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի երկրներում՝ Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուզբեկստանում հակահրթիռային պաշտպանության համակարգեր ունեն միայն Ռուսաստանը և Բելառուսը։