Նախարարներն ու ԱԱԾ տնօրենը կզբաղվեն խաղեր կազմակերպելով

Կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Կառավարությունը զբաղված է Համահայկական խաղերի կազմակերպման կազմկոմիտե ստեղծելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում առանց զեկուցման ու քննարկման հաստատված հարցերից մեկը վերաբերում էր Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտե ստեղծելուն։
Որոշման ընդունման անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորում է նրանով, որ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը նախանշված են 2025 թվականի փետրվարին, և դրանք «պատշաճ ու բարձր մակարդակով» կազմակերպելու և անցկացնելու համար անհրաժեշտ է սկսել պատրաստվել այսօրվանից։
Որոշմամբ առաջարկվում է նաև ստեղծել խաղերը կազմակերպող ու անցկացնող կազմկոմիտե, որի կազմում են լինելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, առողջապահության նախարարը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, փոխնախարարներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ։
Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Համահայկական ամառային 8–րդ խաղերին, որոնք անցկացվել են այս օգոստոսին, մասնակցել են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։