ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը հանգեցնում է կոնվենցիայով երաշխավորվող իրավունքների խախտման լրջագույն վտանգի` ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնպահ մնալ ցանկացած գործողության իրականացումից, որը կարող է հանգեցնել կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածներով երաշխավորվող իրավունքների խախտմանը»,– ասված է հաղորդագրությունում:
ՄԻԵԴ-ը նաև որոշում է կայացրել այս մասին հրատապ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։