ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը 9:6 հաշվով հաղթելով Ղազախստանի ներկայացուցչին` նվաճեց բրոնզե մեդալ և միաժամանակ ապահովեց օլիմպիական վարկանիշ:
Ավելի վաղ աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 2 րոպե 3 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթանակի հասավ լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Նա նույնպես արդեն ապահովել է օլիմպիական խաղերի ուղեգիրը
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվում է Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը ( 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: