ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում համերաշխություն է ցուցաբերվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նա ընդգծել է, որ ՀՀ մի շարք գործընկերներ հստակ և նպատակաուղղված ուղերձներ են հղել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության վերաբերյալ։
«Խորհուրդը ցուցաբերեց իր համերաշխությունը՝ անվերապահորեն դատապարտելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ ուժի աղաղակող կիրառումը, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Ակնհայտ է, որ անպատժելիությունը հող է ստեղծում Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների իր քաղաքականության բացահայտ իրականացման համար և նոր մարտահրավերներ է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար: Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»,– նշել է ՀՀ նախագահը:
Նա շեշտել է, որ միջազգային առաքելությունն ու համարժեք քայլերը պետք է չհետաձգվեն` Լեռնային Ղարաբաղում զանգվածային վայրագությունների շարունակումը կանխելու համար:
«Միայն խաղաղությունն ու կայունությունն են ընկած մեր երկրի ու տարածաշրջանի ապագայի մեր տեսլականի հիմքում»,– գրել է նա:
Նշենք, որ սեպտեմբերի 21–ին Ֆրանսիայի պահանջով և Լեռնային Ղարաբաղի հարցով տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ ՄԱԿ անդամ բազմաթիվ անդամներ քննադատեցին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում և պահանջեցին միջոցներ ձեռք առնել ԼՂ հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները պահպանելու համար։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։