ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հետաձգեց Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։ Տեղեկությունը հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ մինչ այս որոշվել էր Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը կատարվում է 7 տարին մեկ, իրականացնել հոկտեմբերի 1–ին։
Մայր աթոռից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով` Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ։ Ժողովի ընթացքում քննարկել են հոկտեմբերի 1–ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։
«Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները»,– տեղեկացնում են Մայր Աթոռից։
Որոշվել է նաև հոկտեմբերի 1–ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր աթոռ սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու սփյուռքի բոլոր եկեղեցիներում Սուրբ պատարագի ավարտին կկատարվի աղոթքի հատուկ կարգ։
Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հայաստանյան եկեղեցիներում պարբերաբար կատարվելու են ամենօրյա աղոթքներ՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի։