ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ԼՂ–ի իրադրության հարցում կարող ենք արձանագրել դրական տեղաշարժ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ որոշակի հույսեր կան, և դա ԼՂ մի շարք գործընկերների գնահատականն է, որը ՀՀ կառավարությունը ինչ-որ առումով կիսում է։
«Մենք նկատի ունենք, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանան»,–ասաց նա։
Նա տեղեկացրեց նաև, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, այսինքն` կարող անընդհատ փոխվել։
Վարչապետը կարևորեց, որ միշտ լինի այդ պահի մասին ճշգրտված ու ճշտված տեղեկություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։