Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

ԼՂ ՄԱԿ-ի առաքելություն ուղարկելու որոշում կարող է ընդունել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ն. Դյուժարիկ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը մեկնաբանել է համաշխարհային կազմակերպության առաքելությունը Լեռնային Ղարաբաղ ուղարկելու հնարավորության մասին հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն ուղարկելը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ: Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ պետք է հնարավորություն ստեղծել ՄԱԿ-ի մանդատով խաղաղապահ ուժերի համար՝ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունն ու կայունությունը պահպանելու նպատակով։
«Ցանկացած խաղաղապահ առաքելության մասին որոշումներն ընդունվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։