ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիան վճռականորեն դատապարտում է Բաքվի ռազմական հարձակումը և կոչ է անում վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղի հարցով նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
«Ի գիտություն ենք ընդունել հրադադարի մասին ստացված տեղեկությունները, սակայն մեզ անհրաժեշտ է, որ ամբողջապես դադարեցվի բռնությունը։ Ադրբեջանն է կրում պատասխանատվությունն ամբողջովին ու լիարժեք պաշտպանելու քաղաքացիական բնակչությանը, հատկապես` Լեռնային Ղարաբաղում ապրող երեխաներին։ Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի տեղահանությունն ու հարկադիր արտագաղթն ընդունելի չեն»,– շեշտեց Գերմանիայի ԱԳ նախարարը։
Նա նշեց, որ միջազգային հանրության երկարատև դիվանագիտական աշխատանքից հետո, երբ հույսի նշույլ ի հայտ եկավ, մարդասիրական առաքումները թույլ տվեցին Լեռնային Ղարաբաղ հասցնել, Բաքուն խախտեց ուժ չգործադրելու իր իսկ խոստումները։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունն արժանի է ապրել անվտանգության մեջ, արժանի է, որ իրենց իրավունքները պաշտպանված լինեն։ Լաչինի միջանցքը բաց պահելը կենսական կարևորություն ունի մարդասիրական պատճառներով, ինչպես նաև դա մշակութային և սոցիալական կամուրջ է Ղարաբաղում ապրող հայերի համար»,– շեշտեց Գերմանիայի ԱԳ նախարարը։
Պաշտոնյան հավելեց, որ Բաքուն և Ղարաբաղի հայերը պետք է վերադառնան երկխոսության։
«Ցանկանում եմ ընդգծել` որևէ երկիր չպետք է ներկայիս իրավիճակն օգտագործի Հայաստանի ժողովրդավարությունն ապակայունացնելու համար։ Լեռնային Ղարաբաղում կանայք, տղամարդիկ և երեխաներն ու ընդհանրապես տարածաշրջանի բնակիչներն արժանի են ապրելու առանց վախի, առանց բռնության, առանց իրենց տներից հարկադիր հեռացվելու, առանց իրենց իրավունքներից, լեզվից, կրոնից զրկվելու վախի։ Նրանք արժանի են ապրելու խաղաղության մեջ, ինչպես բոլորս»,– ելույթը եզրափակեց Բերբոքը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։