ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի իրանական նոր «Պավե» մեծ հեռահարության թևավոր հրթիռն առաջին անգամ այսօր ներկայացվեց Իրանա–իրաքյան պատերազմի (1980-1988) 43-ամյակի առիթով կազմակերպած զորահանդեսի ժամանակ։ Տեղեկությունը փոխանցում է Tasnim գործակալությունը։
«Շքերթին առաջին անգամ ներկայացվել է «Պավե» մեծ հեռահարության թևավոր հրթիռը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության տվյալներով` այն մասին, որ «Պավե» թևավոր հրթիռը, որի թռիչքի հեռավորությունը հասնում է 1650 կմ–ի, համալրել է Իրանի սպառազինությունը, փետրվարին հեռուստաեթերում հայտնել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիրալի Խաջիզադեն։
Նշվում է, որ «Պավե» հրթիռի տարբերվող առանձնահատկություններից մեկն այն է, որ շարժիչը կմախքից դուրս է տեղակայված։
«Պավե»–ից բացի, շքերթի ժամանակ ցուցադրվել է «Ֆաթթահ» իրանական առաջին գերձայնային բալիստիկ հրթիռը` ստեղծված 2022 թվականի նոյեմբերին։ Խաջիզադեն այն ներկայացրել էր այս տարվա հունիսին Իրանում կայացած հայրենական սպառազինության ցուցահանդեսի ժամանակ։ Նրա խոսքով` հրթիռն ի զորու է հարվածներ հասցնել 1.4 հազար կմ հեռավորության վրա և գրեթե անխոցելի է ՀՕՊ–ի համար։
Այսպիսով` Իրանն աշխարհում չորրորդ երկիրն է, որն օժտված է գերձայնային զենքով. այդ զենքից ունեն նաև Ռուսաստանն ու Չինաստանը։ ԱՄՆ–ն ևս գերձայնային զենքի փորձարկումներ է իրականացնում։