Հաքերային հարձակում է եղել ՀՀ պետական կառույցների և օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ ներկայում ուսումնասիրություններ են արվում հնարավոր իրականացնողներին պարզելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում պետական կառույցների և «Արմենիա» միջազգային օդանավակայանների դեմ լուրջ հաքերային հարձակում է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Նա ընդգծել է, որ հաքերային հարձակումն իրականացվել է սեպտեմբերին։
«Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարևոր էր զգուշացնել։ Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումն իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,– նշել է Մարտիրոսյանը։
CyberHUB.am–ը տեղեկացնում է, որ չարամիտ ծրագիրը ներդրված է MS Word փաստաթղթում, որը ներկայացվում է որպես Ազգային անվտանգության ծառայության զգուշացում, և օգտագործում է VBA Macro կոդ, իսկ այնուհետև՝ Powershell սկրիպտ` վնասաբեր ծրագիրը ներբեռնելու և համակարգչում գործարկելու համար։