ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Բաքուն դիտարկում է Լեռնային Ղարաբաղի՝ զենքը հանձնած բնակիչների համաներման հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական հարցերով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Նույնիսկ նախկին կոմբատանտների, եթե նրանց կարելի է այդպես դասակարգել, մենք դիտարկում ենք համաներման հնարավորությունը կամ նույնպես համաներման հղում ենք անում», – «Ռոյթերս» գործակալությունը մեջբերում է Հաջիևի խոսքերը։
Ինչպես նշում է օգնականը, Բաքուն թույլ կտա հեռանալ զենքը հանձնած «ղարաբաղյան զինված խմբավորումների» անդամներին։
«Ներկա պահին տեսնում ենք, որ որոշ առանձին խմբավորումներ և սպաներ հրապարակային հայտարարություններ են արել այն մասին, որ իրենք չեն ընդունի մեր պայմանները և կշարունակեն դիմադրությունը», – հավելել է նա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։