ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում` Անդրանիկի փողոցում, մի խումբ անձինք հարձակվել են քաղաքացու վրա և հափշտակել պայուսակը, որում արժեքավոր իրեր ու մեծ գումար է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 21–ին` ժամը 23:30-ի սահմաններում։ Քաղաքացին ոստիկաններին ասել է, որ 3 անձինք անսպասելի բռնության են ենթարկել իրեն՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին: Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:
Պայուսակում եղել է նրա անձնագիրը, 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թ. ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակը, 3 հատ տարբեր մոդելի բջջային հեռախոս:
Բռնության ենթարկված քաղաքացին վարույթն իրականացնող մարմին հայտնել է, որ այդ անձանց դեմքերը չի տեսել, քանի որ նրանք եղել են գլխանոցով։
Դեպքի վայրից հայտնաբերվել է քաղաքացու պայուսակի գոտին, այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քաղաքացին ճանաչվել է տուժող։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով (ավազակություն, հրազեն, փաստաթղթեր հափշտակելը` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):
Նախաքննությունը շարունակվում է։ Ոստիկանները պարզում են հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։