Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց Արցախից ՀՀ տեղափոխելու ուղղությամբ

Արցախի առողջապահության նախարարությունը հույս ունի Մարտակերտից ծանր վիրավորում ստացածների, ինչպես նաև մահացածների աճյունների տեղափոխումը գոնե վաղը ԿԽՄԿ օգնությամբ անել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Աշխատանքներ են տարվում ծանր վիրավորում ստացած 30 անձանց հնարավորինս արագ Արցախից Հայաստան տեղափոխելու համար։ Արցախի Հանրային հեռուստատեսության եթերում այս մասին ասաց Արցախի առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը։
«Այդ աշխատանքները կազմակերպելու համար ՀՀ առողջապահության նախարարության հետ ենք աշխատում։ ԿԽՄԿ–ն համաձայնել է այդ տեղափոխումը կազմակերպել։ Ուզում եմ ասել, որ ունենում ենք դեպքեր, երբ ուշացման կամ ծանր վիրավորման պատճառով մարդիկ մահանում են»,– ընդգծեց նախարարը։
Նա նշեց, որ ամեն րոպե փոխվում է իրավիճակը և, բնականաբար, փոխվում են նաև թվերը։
Այս պահին Մարտունիից վիրավորներին են բերել Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոց, որտեղ կշարունակեն նրանց բուժումը։
Այսօր Արցախի առողջապահության նախարարությունը խնդիր ունի Մարտակերտից ծանր վիրավորում ստացածներին, ինչպես նաև մահացածների աճյունները տեղափոխելու հետ կապված ։
Նախարարը հույս ունի, որ գոնե վաղը կկարողանան ԿԽՄԿ օգնությամբ անել դա։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։