ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը»,–ասվում է հաղորչդագրության մեջ։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան - Գերմանիա համագործակցության օրակարգային հարցերին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։