ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ–ին աջակցելու և Ալիևի դեմ պատժամիջոցների նախագիծ են ներկայացրել

ԱՄՆ Կոնգրես
Օրինագծի համաձայն՝ նախագահը պետք է Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ պատժամիջոցներ կիրառի ռազմական հանցագործությունների և շրջափակման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն օրինագիծ է ներկայացրել ԼՂ հայերին աջակցությունն ամրապնդելու ու ռազմական ագրեսիայի մեջ ներգրավված Ադրբեջանի ղեկավար անձանց դեմ պատժամիջոցներ կիրառելու համար։ Տեղեկությունը X սոցցանցում հայտնել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը։
«Ալիևը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի հայերին Լեռնային Ղարաբաղից արմատախիլ անելու հարցում։ Կազմված օրինագիծը պետք է ամրապնդի հայերի աջակցությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ն անգործության չի մատնվի դաժան ռազմական գործողությունների և կազմակերպված սովի պայմաններում»,– գրել է նա։
Օրինագծի ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 30 օր հետո ԱՄՆ նախագահն իր հրամանագրով պատժամիջոցներ պետք է կիրառի Ադրբեջանի ղեկավար անձանց դեմ, որոնք պատասխանատու են ԼՂ–ի վրա ռազմական հարձակման և այնտեղ հրահրված հումանիտար ճգնաժամի համար։
Առաջարկվում է նրանց դեմպատժամիջոցներ սահմանել ԱՄՆ օրենսդրությամբ նախատեսված միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքով։
Օրինագծով առաջարկվում է նաև չեղարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը։
Առաջարկվում է 30 մլն դոլար հատկացնել 2020 թվականի պատերազմից, 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վրա Ադրբեջանի հարձակումից, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումից տուժած քաղաքացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։
Բացի այդ, օրինագծի ընդունումից ոչ ուշ, քան 90 օր անց ԱՄՆ պետքարտուղարը պետք է Լեռնային Ղարաբաղի բնակիչների երկարաժամկետ անվտանգության ապահովման մանրամասն ռազմավարություն ներկայացնի Կոնգրեսին, պետք է պատասխանատվության մեխանիզմներ մշակվեն Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքների կատարման համար, այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն խաղաղության համաձայնագիրը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։