Արցախը Ադրբեջանի հետ 3 հարցի շուրջ է բանակցում

Արցախցիներ. արխիվային լուսանկար
Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցություններն անցկացվում են ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Արցախն ադրբեջանական կողմի հետ 3 հարցի շուրջ է բանակցում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների` իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը»,– ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։