Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

9 վիրավոր ԿԽՄԿ–ի ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել են Ստեփանակերտ

ԿԽՄԿ–ն նաև Ստեփանակերտի հիվանդանոցին է փոխանցել որոշակի քանակով բժշկական պարագաներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. 9 վիրավոր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել են Ստեփանակերտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Դրա հետ նաև հիվանդանոցին փոխանցել ենք որոշակի քանակով բժշկական պարագաներ»,– ասել է նա։
Հավելենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ էր փոխանցել նաև սեպտեմբերի 19-ին։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։