2024թ–ին սահմանամերձ բնակավայրերին շուրջ 1 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Սոթքը. Արխիվային լուսանկար
Կառավարության հաստատած ծրագրի շահառուներն են սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է սահմանամերձ 23 համայնքների 82 բնակավայրերի 988 933 700 դրամ աջակցություն տրամադրել։
Ծրագրի նպատակը Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում կյանքի պայմանների բարելավումն է:
Հատկացվող գումարով սահմանամերձ համայնքներին ցուցաբերվելու է պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու անշարժ գույքի հարկի ամբողջական փոխհատուցում տրամադրելու համար:
«Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թվականի ծրագիրն» առաջիկայում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։