Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 46 անձի

Գրեթե 2 ժամ Երևանի կենտրոնական փողոցները կաթվածահար էին, երթևեկությունը կանգնած էր, շատ վարորդներ դուրս էին գալիս մեքենաներից ու միանում ակցիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր երեկոյան Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 46 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։
Ինչ վերաբերում է քիչ առաջ Երևանի Հանրապետության հրապարակից բերման ենթարկված քաղաքացիներին, ոստիկանությունից հայտնեցին, որ առայժմ թիվը հայտնի չէ. ավտոմեքենաները դեռ ոստիկանական տեղամասեր չեն հասել։
Հիշեցնենք, որ Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաքից հետո ցուցարարներն այսօր 4 տարբեր ուղղություններով շարժվեցին` փողոցներ փակելով։
Չարենցի փողոցից դեպի Հերացի տանող հատվածում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ցուցարարների միջև, ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ և բերման ենթարկելով սկսեցին բացել փողոցը։
Այսօր հանրահավաքի ընթացքում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը տեղեկացրեց, որ առավոտյան 7։30–ից մեկնարկելու են անհնազանդության ակցիաները, փողոցներ են փակվելու, իսկ ժամը 10-ից շրջափակվելու է ՀՀ կառավարության շենքը` թույլ չտալու համար, որ 11-ին նախատեսված հերթական նիստը կայանա։
Ընդդիմության առաջնորդները համահայկական դասադուլի և գործադուլի կոչ արեցին։
Հավելենք, որ Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։