ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական Եվլախում որոշվելու է Արցախի հայ բնակչության ճակատագիրը։ Եռաբլուրում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ նախկին պաշտպանության նախարար, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպմանը։
«Հանդիպմանը քննարկվելու է Արցախից բնակչության տեղահանման, ՀՀ տեղափոխելու հարցերը։ Շատ մարդիկ կան, որ այսօր քննադատում են Արցախի իշխանություններին ռուս խաղաղապահների ներկայացրած փաստաթղթի ստորագրման համար, մինչդեռ այսօր ոչ մեկն իրավունք չունի նրանց մեղադրելու. ՀՀ իշխանությունները Արցախին միայնակ են թողել։ Միայնակ` դեմ առ դեմ գտնվող ադրբեջանական իշխանությունների հետ, ու ադրբեջանական ռազմական սադրանքների ֆոնին այսօր Արցախի իշխանությունները պետք է բանակցեն»,– նշեց Օհանյանը։
Ըստ նրա` Արցախի ժողովրդի մեծ մասը ցանկանալու է տեղափոխվել Հայաստան, մի մասը միգուցե ցանկանա մնալ իր պատմական հողում` իր տանը, և չհեռանալ։
Նա համոզված է` խաղաղության այն թեզը, որ ՀՀ իշխանություններն առաջ են տանում, դա թուրք–ադրբեջանական տանդեմի խորամանկությունն է. նրանց նպատակը ոչ միայն Արցախն է, այլև ՀՀ–ն։
«Այդ խաբկանքին կուլ է գնացել նաև Նիկոլ Փաշինյանը` իր վարած քաղաքականության շնորհիվ։ Խելացի մարդը սովորում է ուրիշի սխալների վրա, մի փոքր քիչ խելացին սովորում է նաև իր սխալների վրա։ Մինչդեռ, երբ մարդը շարունակական սխալներ է թույլ տալիս, անհաջողություններ է գրանցում, ապա դա աններելի է»,– նկատեց Օհանյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն իր անկախությունը, որն այսօր պիտի մեծ շուքով նշեինք, ձեռք է բերել հենց արցախյան շարժման արդյունքում։
«Այսօր` ՀՀ Անկախության օրը, նա Արցախն ամբողջովին հանձնեց Ադրբեջանին։ Կարելի է ասել` մեր անկախության վրա նա մի մեծ քար նետեց»,–ասաց Օհանյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։