ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանը մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք և զինամթերք սահմանին կուտակելուց հետո որոշեց լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկել, և ոչ ոք չի կարող հավատալ, որ այդ գործողությունը կանխամտածված չի եղել։ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի պահանջով։
Արտգործնախարարը նշեց` Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը, և հավելեց, որ Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողության հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում` քաղաքացիական անձինք, նրանց թվում` երեխաներ։
«Այստեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ, որ կասկածի տակ է դրվում, դրա նկատմամբ սպառնալիք չկա, վտանգված է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի` իրենց իրավունքներով, պատմությամբ ու մշակույթի հարգմամբ ապրելու հնարավորությունը»,– նշեց Կոլոննան։
Նա ընդգծեց` այդ հնարավորությունը չկա, երբ ուժեղ կողմը թույլի նկատմամբ ուժ է կիրառում։
Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությունը, ըստ որի` նա ցանկանում է խաղաղության մեջ ապրել Լեռնային Ղարաբաղի հայերի հետ և պահպանել նրանց իրավունքները։
«Այդ բառերն Ադրբեջանի կողմից հանձնառություն են, նրանք այսօր պատասխանատվություն են կրում բնակչության ճակատագրի համար։ Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է խաղաղ և բանակցված լուծման հասնել, ապա պարտավոր է հենց այստեղ շոշափելի երաշխիքներ տալ։ Պարտավոր է հանձն առնել չգործադրելու ուժ կամ ուժի սպառնալիք, մտնել խաղաղ երկխոսության մեջ` բնակչության իրավունքների և երաշխիքների շուրջ միջազգային հանրության աջակցությամբ»,– ասաց Կոլոննան։
Նա նաև շեշտեց, որ Ադրբեջանը պարտավոր է համաներում հայտարարել այն զինվորականների նկատմամբ, որոնք հրադադարն ընդունել են։
Կոլոննան հավելեց, որ Ադրբեջանը պետք է անհապաղ ու անխոչընդոտ ապահովի նաև Լաչինի միջանցքով երթևեկությունը։
«Ադրբեջանը պարտավոր է ընդունել Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական ներկայությունը, որը կենսական է, քանի որ մոտենում է ձմեռը։ Առանց այս երաշխիքների չի կարող լուծում լինել»,– հավելեց ֆրանսիացի նախարարը։
Նրա խոսքով` եթե իրենք պասիվություն դրսևորեն Լեռնային Ղարաբաղում կատարվող իրադարձությունների նկատմամբ, հանցակից կդառնան ղարաբաղահայության տեղահանությանը։ Կոլոննան նշեց, որ իր տեղեկություններով` բնակչության 10 տոկոսն արդեն տեղահանված է։
Ֆրանսիացի պաշտոնյան կոչ արեց նաև զգոն լինել թույլ չտալու համար, որ Հայաստանը ևս ներքաշվի այս ողբերգական իրադարձությունների մեջ ու դրանով կասկածի տակ դրվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։