Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Snoop Dogg-ի երևանյան համերգը հետաձգվել է

Տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները կներկայացվեն շուտով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Այս մասին հայտնում են համերգի կազմակերպիչները։
Երեկ հայտնի դարձավ, որ արցախցի ռեփեր Լյոկան (Վալերի Ղազարյան) հրաժարվել է Երևանում ելույթ ունենալ Snoop Dogg-ի համերգի բացման ժամանակ։ Սոցիալական ցանցերում, միաժամանակ, բուռն քննարկվում էր համերգն առհասարակ չեղարկելու հնարավորությունը Արցախում Ադրբեջանի հրահրած հերթական ագրեսիայի պատճառով։
«Մենք ներողություն ենք խնդրում բոլոր այն անձանցից, ովքեր տոմսեր են գնել և պատրաստվում էին մասնակցել համերգին»,–ասվում է հաղորդագրության մեջ
Համերգի կազմակերպիչները խստագույնս դատապարտել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ ագրեսիան մեր հայրենակիցների դեմ, ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում:
Տոմսերի և համերգի նոր ժամկետների վերաբերյալ մանրամասները, կազմակերպիչների խոսքով, կներկայացվեն շուտով:
Snoop Dogg–ը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 20-ին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։
Նա ճանաչում է ձեռք բերել 1992 թվականին, երբ առաջին անգամ մենահամերգ է տվել։ Այդ ժամանակից ի վեր ռեփերը 23 մլն ալբոմ է վաճառել ԱՄՆ–ում, իսկ ամբողջ աշխարհում` 35 մլն։ Նա ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում` American Music Awards, «Էմմի Փրայմթայմ» և 17 «Գրեմմի»։
Հիշեցնենք` Snoop Dogg-ի համերգը նախանշված էր «Հրազդան» մարզադաշտում։ Կազմակերպիչը «Դոպինգ Սփեյս» ընկերությունն է։ Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը կազմակերպությանը 2,318,596.8 հազար դրամ է հատկացրել։