Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Սեպտեմբերի 20–ին Երևանում բողոքի ակցիա իրականացնողներից 30–ը բերման են ենթարկվել

Նրանք բերման են ենթարկվել ինչպես քրեական վարույթների շրջանակում, այնպես էլ վարչական իրավախախտումների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 20–ին բողոքի ակցիա իրականացնող անձանցից 30–ը բերման են ենթարկվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Հանրապետության հրապարակից բերվել է 30 անձ, որոնցից 28-ը` ձեռնարկված քրեական վարույթի շրջանակներում։ Նախաձեռնված տարբեր քրեական վարույթները փոխանցվել են ՔԿ–ին: 2-ի մասով արձանագրությունը կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182–րդ հոդվածով»,–ասաց Գաբրիելյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 19–ին ՀՀ կառավարության շենքի և ՌԴ դեսպանատան մոտ բողոքի ակցիա իրականացնող անձանցից 16–ը բերման էին ենթարկվել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։