ՊԲ ստորաբաժանումները նույն տեղերում են, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին. Փաշինյան

Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը շեշտեց`ընդհանուր առմամբ Արցախում հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ եղել են հրադադարի հաստատման պահին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնը վերաբերում է ադրբեջանական զինված ուժերին»,– ասաց նա։
Փաշինյանն ընդգծեց, որ իրենց տեղեկություններով միայն 1 միջադեպ է եղել այսօր Ստեփանակերտի մոտակայքում, ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է՝ տեղ-տեղ որոշակի խախտումներով:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։