ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 32–րդ տարեդարձի կապակցությամբ՝ վերահաստատելով տարածաշրջանի խաղաղ զարգացման կարևորությունը։ Այդ համատեքստում նա անդրադարձել 1991 թվականի դեկտեմբերին ընդունված Ալմա Աթայի հռչակագրին, որի հիման վրա Երևանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Իր տեսաուղերձում Փաշինյանն ասել է, որ վերջին շրջանում իրեն հաճախ են քննադատում այն բանի համար, որ արտաքին և տարածաշրջանային քաղաքականություն վարելիս հիմք է ընդունում այդ հռչակագիրը։
«Շատերն ուղղակի և անուղղակի կոչ են անում հրաժարվել այդ փաստաթղթի վրա հիմնված քաղաքականությունից: Խնդիրն այն է, որ Ալմա Աթայի հռչակագիրը և նրա հետ փոխկապակցված փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության անկախության հիմնարար գործոններից են, որով արձանագրվում է նախկին ԽՍՀՄ հանրապետություններից 12-ի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Խորհրդային Միությունից անկախացման քաղաքական և իրավական հիմքը, ինչպես նաև այդ անկախացման հիմնարար սկզբունքները»,-ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` հայ ժողովուրդն այսօր ապրում է դժվար ժամանակներ, կրում ֆիզիկական և հոգեբանական անասելի տառապանքներ, բայց կարևոր է հասկանալ , թե ինչու պետք է անցնենք փորձությունների այս ճանապարհը։
«Շատերը կարծում են, որ տարածաշրջանային այս լարված միջավայրում, ժամանակ առ ժամանակ բռնկվող ռազմական բախումների պայմաններում խաղաղության մասին խոսելը համարժեք չէ: Բայց առավել ևս այս պայմաններում խաղաղությունը պետք է արժևորվի, և խաղաղությունն ամենևին չպետք է շփոթենք զինադադարի կամ հրադադարի հետ: Խաղաղությունը մի միջավայր է, որը զերծ է հակամարտություններից, միջպետական, ազգամիջյան կոնֆլիկտներից»,–ասել է նա:
Նա ընդգծել է, որ այդ ճանապարհը հեշտ չէ, քանի որ անցնում է արտաքին և ներքին ցնցումների միջով, բայց պետք է դա անել հանուն անկախության, հանուն պետականության, հանուն ապագայի:
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։