Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահի հետ

Էմանուել Մակրոնն ու Նիկոլ Փաշինյանը
ՀՀ վարչապետն ու Էմանուել Մակրոնն անդրադարձել են նաև այսօր նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն ու դրա հաղթահարմանն ուղղված քայլերը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

«Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման երաշխիքների անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել այսօր՝ սեպտեմբերի 21-ին, նախատեսվող ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին»,– ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։