Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է անցկացրել

Նիկոլ Փաշինյան
ԱԽ անդամներն ու հանրապետության մի շարք պաշտոնատար անձինք քննարկել են Արցախում ստեղծված իրադրության հաղթահարման քայլերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ բացի ԱԽ անդամներից, նիստին մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:
Անվտանգության խորհրդում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը։ Նիստի առանցքում են եղել ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։