ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Պետք է ամեն ջանք ներդնել արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն այս հայտարարությունն արեց Սուրբ Գայանե եկեղեցում տեղի ունեցած պատարագի ժամանակ` կոչով դիմելով ՀՀ իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին։
«Երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար»,– ասաց նա։
ՀՀ Անկախության 32–րդ տարեդարձի առթիվ նա կոչ արեց միասնական աղոթք մատուցել առ Աստված Հայաստանի և Արցախի խաղաղության ու ժողովրդի անվտանգ կյանքի համար:
«Հայոց անկախ պետականության վերակերտման 32-րդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով»,– հայտարարեց կաթողիկոսը:
Նա նշեց, որ 100 տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է ցեղասպանության դառնությունը։
«Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում»,– ընդգծեց Գարեգին Բ–ն:
Նա կոչով դիմեց միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար:
Դիմելով Արցախի իշխանություններին` նա ընդգծեց, որ այսօր նրանք մեն–մենակ են մնացել, կանգնած են ծանր պատասխանատվության առաջ։
«Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են»,– հայտարարեց Գարեգին Բ–ն։
Վերջում նա իր հայրապետական օրհնությունը տվեց Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայությանը` կոչ անելով ամրապնդվել հույսով և հավատով։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։