ԼՂ–ում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո 5 խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ

Խաղաղապահ
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հետաքննություն է անցկացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման պայմանավորվածությունից ի վեր հրադադարի 5 խախտում է արձանագրվել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Խախտումներն արձանագրվել են Շուշիի (երկու) և Մարտակերտի (երեք) շրջաններում: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը տվյալ փաստերի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,-ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում:
«Պահպանվում է Ստեփանակերտի և Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը, որն ուղղված է արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը», - ասված է հաղորդագրությունում։
Նախարարությունից նաև հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 1340 խաղաղ բնակիչ կա, այդ թվում ՝ 607 երեխա, որոնք իրենց տները վերադառնալու հնարավորություն չունեն: Նրանց ապահովել են կացարանով, սննդով և ցուցաբերել են բժշկական օգնություն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։