ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակում հայտարարությունները բավարար չեն, անհրաժեշտ են միջազգային գործընկերների հստակ գործողություններ՝ Ադրբեջանին զսպելու, Լեռնային Ղարաբաղում զանգվածային ոճրագործություն և ողջ Հարավային Կովկասի ապակայունացում թույլ չտալու համար։ ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով ԼՂ-ի բնակչությանն էթնիկ զտումների ենթարկել, զրկել իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից»,– նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նախարարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը նույն նպատակն է հետապնդել, երբ 2022թ. դեկտեմբերից ապօրինի արգելափակեց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը և լիակատար շրջափակեց ԼՂ–ն։
Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ–ԵՄ փոխգործակցության հարցեր:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։