Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանման դեպքում ԵՄ-ն կոշտ պատասխան կտա. Բորել

Ժոզեպ Բորել
Եվրամիությունը կոշտ հայտարարություն է տարածել` կոչով դիմելով Ադրբեջանին և նշել, որ Բաքուն պատասխանատու է Ղարաբաղի հայերի անվտանգության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության բռնի տեղահանման դեպքում Եվրամիությունը կոշտ պատասխան կտա։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։
ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ Եվրոպական միությունը դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և ցավում էսկալացիայի հետևանքով մարդկային զոհերի համար։ Միաժամանակ ԵՄ–ն ի գիտություն է ընդունում հրադադարի համաձայնություն ձեռք բերելու հայտարարությունները և ակնկալում ռազմական գործողությունների անհապաղ և ամբողջական դադարեցում, հրադադարի ռեժիմի պահպանում։

«ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ և անարգել մարդասիրական հասանելիություն ապահովել բնակչությանը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի ամբողջական վերաբացման միջոցով՝ համաձայն միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի և հուլիսի վճիռների։ Մարդասիրական կազմակերպությունները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան: ԵՄ-ն և միության անդամ երկրները պատրաստ են հրատապ մարդասիրական օգնություն ցուցաբերել»,– ասել է Բորելը։

ԵՄ-ն Բաքվին և ղարաբաղահայությանը անհապաղ երկխոսության կոչ է անում։
Նա շեշտել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման համար, ներառյալ նրանց՝ առանց ահաբեկման և խտրականության իրենց տներում ապրելու իրավունքը: ԵՄ–ն ընդգծում է` քաղաքացիական բնակչության բռնի տեղահանությունը` ռազմական կամ այլ միջոցներով, Եվրամիությունից վճռական պատասխան կստանա։
ԵՄ-ն պատրաստ է համապատասխան գործողություններ ձեռնարկել իրավիճակի հետագա վատթարացման դեպքում։
Միաժամանակ ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
«Կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր ոչ երկիմաստ հանձնառությունը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ համաձայն 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի»,– նշվում է հայտարարության մեջ:
Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կշարունակի դիտարկել և զեկուցել Ադրբեջանի հետ պետական սահմանի հայկական կողմի երկայնքով անվտանգության իրավիճակի մասին:
ԵՄ-ն կոչ է անում վերսկսել բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար։ Կառույցն աջակցում է բանակցություններին` երկարաժամկետ խաղաղություն ապահովելու նպատակով՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։