Իրանը կնպաստի Հարավային Կովկասի անվտանգությանը. Ռայիսին շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ երկու բարեկամ և հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ տարբեր ոլորտներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Իրանը պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորությունները տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար: ՀՀ Անկախության օրվա առթիվ ՀՀ նախագահին և վարչապետին ուղղված շնորհավորական ուղերձում այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է իրանական IRNA գործակալությունը։
«Հարևանության քաղաքականության շրջանակներում Իրանը ձգտում է նպաստել Հարավային Կովկասի անվտանգությանը, մերձեցմանն ու բարգավաճմանը և պատրաստ է օգտագործել իր բոլոր հնարավորություններն այս տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար»,– գրել է Ռայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին ուղղված ուղերձում Ռայիսին ընդգծել է, որ վերջին տարիներին համագործակցության զարգացման աճող միտումը ցույց է տալիս Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունների ապագայի դրական և խոստումնալից հեռանկարը:
«Հուսով եմ, որ երկու բարեկամ և հարևան երկրների՝ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և խորանալ տարբեր ոլորտներում»,– ընդգծել է Իրանի նախագահը:
Փաշինյանը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կրկին խոսել Ալմա Աթայի հռչակագրի մասին
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։