ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունից հետո էլ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերցնել զոհվածների մարմինները։ X–ի իր էջում այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Հրադադարից հետո արդեն 32 ժամ է` Ադրբեջանը արցախյան կողմին թույլ չի տալիս վերցնել մեր զինվորների և քաղաքացիական անձանց բազմաթիվ մարմինները»,– նշում է Բեգլարյանը:
Նրա խոսքով` վիրավորներից շատերը կարող էին ողջ մնալ, եթե ադրբեջանցիները նման հնարավորություն տային։
«Նրանց «մարդասիրական» մոտեցման մի օրինակ»,– հավելել է Բեգլարյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։