ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել, բայց անհրաժեշտության դեպքում որոշումներ կկայացնի։ Այս մասին «Արմենպրեսի» հարցին ի պատասխան հայտնել են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
«ՀՀ կառավարությունը ԼՂ հայության տեղահանության խնդիր չի դրել և կարծում է, որ իրենց տներում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու ԼՂ հայերի իրավունքները պետք է երաշխավորվեն, բայց մյուս կողմից ԼՂ հայերի կամ նրանց մի մասի մնալն անհնար գնահատվելու դեպքում կկայացվեն անհրաժեշտ որոշումներ»,–հայտնել են աշխատակազմից։
Ընդգծվել է, որ նման սցենարի սպասարկման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներն արվում են, մշակվել են տարբեր սցենարներ։
Բացի այդ, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար խնդիրների շուրջ (այդ թվում՝ ցանկացողներին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցի հետ կապված) ՀՀ կառավարության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ԼՂ գործընկերների հետ։
Նշվում է, որ ըստ իրադրության և կախված ԼՂ ներկայացուցիչների, Ադրբեջանի, խաղաղապահների միջև ընթացող քննարկումների արդյունքներից՝ Լեռնային Ղարաբաղի հետ համատեղ կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։