ՀՀ–ի խնդրանքը բավարարվել է. Բաքվում նախատեսված բռնցքամարտի ԵԱ–ն տեղափոխվել է Մոնտենեգրո

Բաքու
Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիայից հետո բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան դիմել էր բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի խնդրանքը բավարարվել է, և Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC) հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը և փոխել մրցավայրը»,– գրել է նա։
EUBC-ը ուսումնասիրել է ֆեդերացիայի խնդրանքն ու բավարարել այն։
Նշենք, որ մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը կկայանա նոյեմբերի 10-21-ը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։