ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ–ում ԵՄ դիտորդական առաքելությունն ուժեղացրել է պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և առճակատման գծում։ Այդ մասին ԵՄ դիտորդական առաքելությունը գրառում է կատարել X–ի միկրոբլոգում։
«ԵՄ դիտորդական առաքելությունը պարեկությունն ուժեղացրել է նաև Սոթք գյուղի մոտ տեղում ռազմական և անվտանգային ցանկացած զարգացումների մասին զեկուցելու համար»,– նշված է առաքելության հաղորդագրության մեջ։
ԵՄ–ն վերահաստատել է հավատարմությունն իր մանդատին և իրավիճակի կայունացմանը նպաստելուն:
Հիշեցնենք` փետրվարի 20-ից ՀՀ–ում 2 տարվա մանդատով 100 հոգուց բաղկացած եվրոպական առաքելություն է տեղակայվել։ Թեև ԵՄ առաքելությունը համարվում է քաղաքացիական, բայց անդամներից 50–ը ժանդարմներ են։
ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ մեկնաբանելով ԵՄ նոր միջնորդական առաքելության մեկնարկը` հայտարարել էր, որ ՀՀ սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական դիմակայություն բերել տարածաշրջան: