ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Երևանում անցկացված հավաքի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու և ուղևորի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
Նշվում է, որ այսօր Երևան քաղաքի Ալեք Մանուկյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում իրականացվող զանգվածային հավաքի ընթացքում մասնակից մի խումբ քաղաքացիներ հասարակության նկատմամբ անհարգալից կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել։ Դա դրսևորվել է հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ։
«Նրանք խաթարել են տրանսպորտի երթևեկությունը և քաղաքացիների տեղաշարժը, շրջափակել են ճանապարհի այդ հատվածով երթևեկող «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան, հարվածներ հասցրել ավտոմեքենայի ուղևորին»,– ասված է հաղորդագրությունում։
Քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով (խուլիգանությունը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասով (ֆիզիկական ներգործությունը):
Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։