ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալներ Վահան Կոստանյանը, Պարույր Հովհաննիսյանը և Մնացական Սաֆարյանը այսօր հանդիպել են մի շարք դեսպանների հետ ու հանգամանալից ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հանդիպումները տեղի են ունեցել ՄԱԿ ԱԽ անդամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Չինաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄԷ, Ճապոնիայի և Շվեյցարիայի՝ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ:
Անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ-ի հրատապ նիստին, որը կայանալու է այսօր։
Ընդգծվել է ՄԱԿ ԱԽ-ի միասնական և թիրախային գործողությունների անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։