ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոկը Նյու Յորքում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Միրզոյանը X սոցցանցում հայտնել է, որ հանդիպումը կայացել է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստից առաջ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել Ֆրանսիայի պահանջով։
«Լավ զրույց Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոկի հետ ՄԱԿ-ի ԱԽ-ի` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի և սեպտեմբերի 19-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ արտակարգ նիստի նախաշեմին։ Ընդգծել է, որ միջազգային միջամտությունը և մարդասիրական հասանելիությունը կենսական կարևորություն ունեն Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործությունների կանխարգելման համար», - գրել է նախարարը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։