ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ մի խումբ քաղաքացիներ ժամը 16։25-ի սահմաններում փակել են Երևան քաղաքի Ամիրյան–Մաշտոց փողոցների խաչմերուկը: Հետո, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են դիմադրել նրանց, ինչի ժամանակ հավաքի մասնակիցներից մեկը հարվածել է ոստիկաններից մեկի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մասնակցի ինքնությունը, որը հանդիսանում է Արագածոտնի մարզի 24-ամյա բնակիչ: Վերջինս ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին»,– նշված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Կատարվում է նախաքննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ից առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։