Երևանի կենտրոնը կաթվածահար է եղել

Ցուցարարներ
Հիմա ցուցարարների մի խումբ շարժվում է դեպի Երևանի տրանսպորտային զարկերակներից մեկը` Մյասնիկյան պողոտա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երևանի կենտրոնն այս պահին կաթվածահար է եղել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվեցին 4 ուղղությամբ` փակելով կենտրոնական փողոցները։
Գործելու ենք կոշտ և պողպատե մանդատին համապատասխան․ Փաշինյանը՝ ակցիաների մասին
Այս պահին փակ են Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհը, Խանջյանից դեպի Ագաթանգեղոս, Ամիրյանից Մաշտոց, Նալբանդյան–Թումանյան, Մոսկովյան–Նալբանդյան խաչմերուկը, Արգիշտի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ տանող հատվածը, Գրիգոր Լուսավորիչ–Արշակունյաց–Ագաթանգեղոս խաչմերուկ և այլն։
Ցուցարարները շարունակում են առաջ շարժվել և նստարաններով կամ աղբամաններով փակել փողոցները։ Նշենք, որ հիմա մի խումբ շարժվում է դեպի Մյասնիկյան փողոց։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։