ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» ավարտի և այն մասին, որ Ղարաբաղում գտնվող «անօրինական զինված կազմավորումները» պետք է վայր դնեն զենքը և զինաթափվեն:
Ալիևն ու Էրդողանը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում՝ ապագա շփումների և ռազմավարական դաշնակցային կապերի հեռանկարների շուրջ:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։