ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել մշտական խորհրդի հատուկ նիստ

Արմեն Պապիկյան
Արմեն Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստ, որտեղ ելույթով հանդես է եկել առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը և ներկայացրել սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ ռազմական ագրեսիայի մանրամասները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նա նշել է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթները:
«Ադրբեջանի զինված ուժերը ծանր հրետանու, մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի միջոցով միտումնավոր հրետակոծության են ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ խաղաղ բնակավայրերը, ինչպես նաև թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ նաև քաղաքացիական բնակչության շրջանում»,– ասել է Պապիկյանը։
Դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանը հետապնդում է մի նպատակ՝ ուժի կիրառման միջոցով Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումներ, զրկել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդին իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու իրավունքից: Արմեն Պապիկյանն ընդգծել է, որ ավելի քան 9 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը և որպես պատերազմի մեթոդ սովի օգտագործումը Ադրբեջանի էթնիկ զտման համակարգված քաղաքականության անբաժանելի մասն է:
Նա շեշտել է նաև միջազգային հանրության անհապաղ ու նպատակաուղղված միջամտության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման ուղղությամբ միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել այն միջազգային գործընկերներին, որոնք աներկբա դատապարտել են Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան՝ միևնույն ժամանակ հավելելով, որ հայտարարություններն այլևս բավարար չեն և անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ՝ ներառյալ թիրախային պատժամիջոցներ:
Նա կոչ է արել ԵԱՀԿ գործող նախագահին և քարտուղարությանը մշտադիտարկել զարգացումները և հետևողականորեն կիրառել ԵԱՀԿ առկա գործիքակազմը:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։