«Դեմ ես թուրքին` սիգնալ տուր». Երևանի փողոցները շարունակում են կաթվածահար մնալ

Ցուցարարներ
Տարբեր քաղաքացիներ հենց փողոցի կենտրոնում կանգնեցնում են մեքենաներն ու միանում ցուցարարներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հանրապետության հրապարակից տարբեր ուղղություններով շարժված ցուցարարները շարունակում են կաթվածահար վիճակում պահել Երևանի կենտրոնական փողոցները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաք է անցկացվում։ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 22-ի առավոտից զանգվածային անհնազանդության ակցիաներ են անցկացվելու։ Այնուհետև «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, Ազգային կոմիտեի անդամ Անդրանիկ Թևանյանը հավաքվածներին առաջարկեց քայլերթ սկսել և փողոցներ փակել։
Հանրապետության հրապարակից հարյուրավոր ցուցարարներ տարբեր ուղղություններով շարժվեցին 4 ուղղությամբ` փակելով կենտրոնական փողոցները։
Նրանք «Արցախ, պայքար, առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով քայլում են փողոցներով և կոչ անում վարորդներին. «Դեմ ես թուրքին` սիգնալ տուր»։
Վարորդներից շատերն ազդանշաններով իրենց աջակցությունն են հայտնում ցուցարարներին, ոմանք հենց փողոցի մեջտեղում կանգնեցնում են մեքենաներն ու միանում քայլերթին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում մասշտաբային ցույցեր են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։