Բլինկենը շնորհավորել է Հայաստանի Անկախության օրն ու հայտարարել ընդհանուր արժեքների մասին

Պետքարտուղարը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանն ու անվտանգությանը։ Տեղեկությունը նշված է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի շնորհավորական ուղերձում Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, այնհրապարակվել է Պետդեպարտամենտի կայքում։
Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանը բռնեց ազատության և ինքնորոշման ուղին, երբ անկախություն հռչակեց 1991 թվականին:
«...Այդ ժամանակից մենք տեսնում ենք ձեր նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության և արդարության զարգացմանն ու ամրապնդմանը բոլոր հայերի համար: Այդ արժեքներն արտացոլում են մեր սեփական արժեքները, և մենք հպարտ ենք Հայաստանի հետ այդ ոլորտներում գործընկերությամբ», - ասել է նա։
Բլինկենի խոսքով՝ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության ապահովմանը: Վաշինգտոնը նաև երկկողմ հարաբերությունների և տնտեսական կապերի հետագա զարգացում է ակնկալում։
Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։