ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Արցախի էլեկտրահամակարգը սնուցող մի շարք ենթակայաններ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, ինչի պատճառով առայժմ հնարավոր չէ էլեկտրաէներգիայի մատակարարում իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է Արցախէներգոն։
«Ներկայում «Արցախէներգո» ՓԲԸ-ն վթարավերականգնողական աշխատանքներ է կատարվում Ստեփանակերտում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զուգահեռ բանակցություններ են տարվում ռուսական խաղաղապահ առաքելության հետ, որպեսզի էլեկտրաէներգիայի առկայության դեպքում ցանցում խնդիրներ չլինեն։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում մեկնարկել է հանդիպումն Արցախի ու Ադրբեջւանի ներկայացուցիչների միջև։