Արցախցիների համար օգնություն հավաքագրելու կարիք չկա. նախարարություն

Արցախցիների համար հավաքագրվող օգնություն
Գերատեսչությունը կոչ է անում նման նախաձեռնություններ սկսելուց առաջ խորհրդակցել իրենց հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար օգնություն հավաքագրելու կարիք չկա։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տարբեր անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում։
«Հորդորում ենք նման գործընթացներ չնախաձեռնել ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար։ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները»,– գրել է Մանուչարյանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս կոչ է անում որևէ նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել գերատեսչության հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։