Ալիևը զանգել է Պուտինին

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը
Հեռախոսազանգի պատճառը ՌԴ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում ռուս զինվորականների զոհվելն է, բայց Ալիևն ու Պուտինն այլ հարցեր էլ են քննարկել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ալիևը ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների մահվան համար: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ալիևը հավաստիացրել է, որ մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, և բոլոր մեղավորները կպատժվեն։ Նա անգամ պատրաստ է նյութական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին։
Լեռնային Ղարաբաղում զոհված 5 խաղաղապահների թվում է եղել առաջին կարգի կապիտան Իվան Կովգանը
Կրեմլից հայտնում են նաև, որ կողմերը կարևորել են ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ԼՂ–ում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական իրականացումը:
Շեշտվել է խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև սկսված բանակցությունների կարևորությունը։ Քննարկվել են տարածաշրջանի իրադրությանհետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը:
Վլադիմիր Պուտինն ընդգծել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։
Հաստատվել է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այս հարցերի շուրջ փոխգործակցել ՌԴ խաղաղապահների հետ։ Պայմանավորվել են ակտիվացնել բանակցային գործընթացը` 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համահունչ, նախևառաջ տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ադրբեջանա-հայկական սահմանի զատման և Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասով։